ՀՀ սփյուռքի նախարարությունը 2014 թվականը հայտարարել է Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և այլ մեծերի տարի։
Առավել ևս հնչեղություն են ստանում Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի այս տարվա ապրիլյան հանդիսությունները` նվիրված մեծ բանաստեղծին։ Այս տարի էլ դպրոցում տեղի ունեցան սիամանթոյական ավանդական ընթերցումներ և այլ միջոցառումներ։ Կայացավ նաև Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված ոգեկոչման և մոմավառության արարողություն։ Այն բացվեց արժանապատիվ քահանա տեր Գրիգոր Գրիգորյանի օրհնությամբ և ընդհանրական աղոթքով։ Դպրոցի բակը, ինչպես աստղալից երկինքը, ողողված էր մոմերի և կենտրոնում զետեղված մեծադիր խաչից ճառագող լույսով։ Քահանան իր պատգամում նշեց, որ մենք այսուհետ Հայոց ցեղասպանության փաստին վերաբերվելու ենք ոչ որպես հուսաբեկ սգավորներ, այլ որպես պահանջատեր, ոչ թե որպես ողբացող, այլ մեր նահատակներին խնկարկող, և քաղաքակիրթ մարդկության հետ` քաղաքակիրթ միջոցներով պիտի իրականացնենք Հայ դատը, որպեսզի ապագայում բացառվեն նման ոճրագործություններ։
Օրվա խորհրդին անդրադարձավ նաև դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը։ Նա ուրվագծեց Սիամանթոյի հրեղեն կերպարը` որպես պայքարի և ազատության երգչի և մեծ հայրենասերի, պայծառացնելով իր խոսքը բանաստեղծական մեջբերումներով, իսկ նրան ձայնակցում էին նաև ուսուցիչներ և աշակերտների բազմությունը։ Եվ թվում էր, թե Արարատն էլ էր արձագանքում. «Ե՛ս եմ, Ես եմ, Ես եմ, իմ անունս է Պայքար և վախճանս` Հաղթանակ»։
Այնուհետև տեղի ունեցավ գեղարվեստական մասը, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի երգերը և աշակերտների ասմունքը։ Հնչեց նաև Սիամանթոյի խոսքերով գրված Դանիել Երաժշտի` «Սիամանթոյի թախծոտ սրինգը և հաղթական շեփորը» երգը` դպրոցի երգչախմբի կատարմամբ (հեղինակի ղեկավարությամբ)։ Երեկոն նշանավորվեց նաև Դանիել Երաժշտի «Սուրբ Մեսրոպ» նորաստեղծ երգի (խոսք` Սիամանթոյի) պրեմիերայով` նույնպես երգչախմբի կատարմամբ։
«Սուրբ Մեսրոպ» երգը ստեղծվել է որպես Սիամանթոյի անվան դպրոցի հիմն` տնօրեն տիկին Աննա Ստեփանյանի առաջարկությամբ։ Մանկանց շուրթերով Սիամանթոն գովերգում է այբուբենը` «գյուտին փառքը», մեծարում Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ արքային, ովքեր «Արարատյան արշալույսին դպրությանց դուռը բացին»... Այսպիսով, դպրոցի հիմնը իր գեղարվեստական մկրտությունը ստացավ և ջերմորեն ընդունվեց ամենանվիրական պահին` Սիամանթոյական օրերին, Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հանդիսությանը։
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ